Եթե անձը մի քանի կատեգորիաների մեջ է մտնում, ապա նրա նկատմամբ կիրառվում է առավելագույն բարենպաստ նորմը: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով առողջության ապահովագրության համակարգի շահառու դառնալու կանոններին:
«Սա նշանակում է, որ եթե անձը 65+ է, և 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող է, նա երկու կարգավիճակ ունի, այն է՝ 65+-ով նրա ապահովագրավճարը վճարում է պետությունը, իսկ 200 հազարից ավելի հանգամանքով ևս պետք է լիներ ապահովագրական կարգավիճակ ունեցող: Այս պարագայում կգործի 65+-ի կանոնը, այսինքն՝ պետությունը կվճարի այս անձի ապահովագրավճարը՝ անկախ նրանից, թե նա աշխատո՞ւմ է, թե՞ չէ:
Սա մեր ընդհանուր քաղաքականության մաս է, որով մենք խրախուսում ենք մեր քաղաքացիներին աշխատել, չթաքցնել իրենց աշխատանքը այլ երաշխիքներից զրկվելու պատճառաբանությամբ: Մենք խրախուսում ենք, որ մեր 65+ անձինք շարունակեն օգտվել պետության կողմից ապահովագրված լինելու կարգավիճակով և աշխատեն, եկամուտ ունենան»,- ասաց նա:
Նույնը վերաբերում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք ևս առողջության ապահովագրության շահառու են, 201 հազար և ավելի աշխատավարձ ստանալու դեպքում նրանք կապահովագրվեն ըստ հաշմանդամության կարգի, ոչ թե որպես 201 հազար և ավելի դրամ աշխատավարձ ստացող: