Փետրվարի 11-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քաղաքական հանձնաժողովի 257-րդ նիստին։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Իր ելույթում դեսպան Խաչատրյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին` վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Դեսպանը ներկայացրել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում TRIPP նախագծի իրագործման ընթացքը։
Արման Խաչատրյանը նշել է նաև, որ Հայաստանը շարունակում է 2027 թ․ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները, և վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ՖՄԿ համապատասխան մարմինների հետ: Հրավիրել է ՖՄԿ անդամ երկրներին ավարտին հասցնել գրանցման գործընթացը։
Անդրադառնալով հունիսի 7-ին նախատեսվող ընտրություններին՝ դեսպանն ընդգծել է Հայաստանի Կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ` միջազգային չափանիշներին համապատասխան, և կարևորել է ՖՄԿ դիտորդական առաքելության ներկայությունը։