ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը անդրադարձավ կառույցի՝ 2026 թվականի առաջնահերթություններին:
«Հարկ վճարելու մշակույթի ուղղությամբ արշավներն են, որոնք մեր PR ռազմավարության առանցքային մասն են կազմելու։ Եվ մյուսը, որը մեր տեխնոլոգիական համընթաց նորարարության և առաջատարության հետ ուղիղ առնչություն ունի. վերջերս մեկնարկեցինք Շվեդիայի հետ նոր համագործակցություն, 3.5 տարվա. սա էլ է լինելու այն ուղին, որով մենք փորձելու ենք նմանվել լավագույն հարկային ծառայություններին, եկամուտների ծառայություններին աշխարհով մեկ։
Թվայնացման ուղղությամբ արհեստական բանականության գործիքների, թե՛ հարկային, թե՛ մաքսայինի մասով, հարկայինը մեկնարկելու ենք բոլոր ոլորտների համար գործարկել տարվա կեսից՝ սերվերային տնտեսությունների համալրման արդյունքում։ Իսկ մաքսայինի մասով արդեն ունենք բավական համապարփակ տեխնիկական առաջադրանք ու շուտով գնալու ենք մրցույթի և մեր մաքսային ռիսկերի համակարգում ներդնենք սա»,- ասաց նա։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ մյուսը առցանց ՀԴՄ-ի համակարգի ներդրումն է, որը ենթադրելու է տարիների ընթացքում ամբողջությամբ ներկա ՀԴՄ-ի համակարգի փոխարինում առցանց գործիքով։
«Մյուսը վերլուծական և վարչարարական գործիքների զարգացումն է։ Այստեղ շատ առանցքային քննարկումներ ենք մեկնարկել մեր գործընկերների հետ, խոսքը հատկապես քրեական հաղորդումների պրակտիկայի բարելավման և շեմերի վերանայմանն է վերաբերում, մյուսը՝ խաղային ոլորտի օպերատորի աշխատանքների մեկնարկին։ Եվ, իհարկե, նախատեսել ենք մեր օրինապահ հարկ վճարողների համակարգը ամբողջությամբ բարելավել։
Չորրորդ ուղղությունը լոգիստիկ և վարչական ենթակառուցվածքների կառուցումն ու արդիականացումն է։ Գիտեք գործողները՝ Մեղրին, Երևանի և Սյունիքի ԱՏԳ-ների մասով էական պրոգրես ունենք և շարունակելու ենք այդ ուղղությամբ։ Նոր ռազմավարական ուղղություն են TRIPP-ի հետ կապված աշխատանքները, և նաև նոր մաքսակետերի հետ կապված աշխատանքները, որից առավել ակտուալ է Մարգարան»,- նշեց նա։