Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և Ոստիկանության գվարդիայի 2-րդ գնդի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Մասնավորապես, Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և Շենգավիթի բաժին է տեղափոխվել Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։
Հաջորդ դեպքն արձանագրվել է Բագրատունյաց պողոտայում. ապօրինի զենք-ռազմամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 36-ամյա մի երիտասարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ։
Սառը զենք պահելու և կրելու հերթական դեպքը դարձյալ գրանցվել է Բագրատունյաց պողոտայում: Շենգավիթի բաժին տեղափոխված Արարատի մարզի Բյուրավան գյուղի 36-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ներկառուցված դանակով կռփազենք։
Համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք։
Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին են տեղափոխել 17 և 33 տարեկան երկու երիտասարդ՝ «Շևրոլե» ավտոմեքենայով հանդերձ, որի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում կիսամոխրացած հետքերով կաթուցիչ կար։ 33-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շոկո թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրությունում։