ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կոմիտեի խորհրդակցական մարմնի (կոլեգիայի) ընդլայնված նիստը:
Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, նիստի ընթացքում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ամփոփել է 2025 թվականի արդյունքները՝ անդրադառնալով նախորդ տարի դատարան ուղարկված վարույթների աճին, պետությանը պատճառված վնասի վերականգնման, ինչպես նաև բարդ և հանրային մեծ հնչեղութուն ունեցող կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարված մեծածավալ աշխատանքներին, նաև խոսել կառույցի առջև ծառացած մարտահրավերներից, որոնք պահանջում են շարունակական և նպատակային լուծումներ։
Կոմիտեի նախագահը ներկայացրել է այն ցուցանիշները, որոնք կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից վկայում են հակակոռուպցիոն պայքարում որոշակի հաջողություններ գրանցելու մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ դրանք ներկա մարտահրավերների համատեքստում դիտարկելիս կարելի է գնահատել բավարար, բայց ոչ լավ։
Միաժամանակ Արթուր Նահապետյանը նախորդ տարվա ցուցանիշները գերազանցելու նպատակադրմամբ մատնանշել է Կոմիտեի 2026 թվականի անելիքները.
-
ուժեղացնել կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացվող գործիքակազմը, որն իրենից ենթադրում է՝ ֆինանսական հոսքերի, գույքային շարժի և ապօրինի հարստացման ու շահերի բախման դեպքերի բացահայտման մեխանիզմների կատարելագործում, ինչպես նաև թվային և էլեկտրոնային հարթակների ավելի լայն կիրառում՝ տվյալների փոխկապակցման և ավտոմատացված վերահսկողության նպատակով,
-
ապահովել քրեական վարույթների ընթացքի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն և ողջամիտ ժամկետների պահպանում՝ բացառելով քրեական վարույթներով քննության ժամկետների անհիմն ձգձգումները,
-
բարձրացնել նախաքննության որակը՝ գործընթացների հստակ դատավարական պլանավորման և պատասխանատվության մեխանիզմների կիրառման միջոցով,
-
քրեական վարույթի շրջանակներում ապահովել օրենքով նախատեսված քրեադատավարական բոլոր միջոցների լիարժեք և հետևողական կիրառումը՝ ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջական և արդյունավետ վերականգնումը երաշխավորելու նպատակով,
-
շարունակական դարձնել կադրային կարողությունների և մասնագիտական պատրաստվածության զարգացումը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալները նույնպես ըստ համակարգման ոլորտների ներկայացրել են նախաքննական և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների՝ 2025 թվականի գործունեության արդյունքները:
Կոլեգիայի նիստի ընթացքում տեղի է ունեցել նաև Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոններ ստանձնած նորանշանակ ծառայողների երդման արարողությունը: Նրանք երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, կոռուպցիոն բնույթի հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, նպաստել հասարակությունում կոռուպցիայի դեմ զրո հանդուրժողականության ձևավորմանը:
2025 թվականի ընթացքում գրանցած բարձր արդյունքների համար Կոմիտեի նախագահը պարգևագրեր է հանձնել տարվա լավագույնի կոչմանն արժանացած ծառայողներին և ստորաբաժանումներին:
Մասնավորապես՝ «Լավագույն ստորաբաժանում» պարգևագրին է արժանացել Սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչությունը (վարչության պետ՝ Դավիթ Կոստանդյան) և Օպերատիվ-հետախուզական առաջին վարչության առաջին բաժինը:
«Լավագույն քննիչ» պարգևագրին է արժանացել Տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանը, իսկ «Լավագույն ծառայող» պարգևագրին՝ Օպերատիվ-հետախուզական առաջին վարչության օպերլիազոր Անուշավան Աղաջանյանը:
Աշխատանքային գործունեության ընթացքում նշանակալի ցուցանիշների և մասնագիտական բարձր պատրաստվածության համար մի շարք ծառայողներ Կոմիտեի նախագահի կողմից պարգևատրվել են մեդալներով, ինչպես նաև շնորհվել են արտահերթ դասային աստիճաններ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը շնորհավորել է պարգևագրերի արժանացած և Կառույցի շարքերը համալրած նոր ծառայողներին՝ նրանց մաղթելով ուժեղ կամք, առավելագույն պատասխանատվություն և նվիրվածություն՝ հակակոռուպցիոն պայքարում հաջողություններ գրանցելու նպատակով։