2025 թվականին գրեթե ամբողջ տարվա ընթացքում երկնիշ բարձր աճեր ապահովեցինք մեր հարկ վճարողների հետ մեկտեղ և արդյունքում 2025 թվականին ունեցանք հարկային եկամուտների 14-տոկոսանոց աճ, կամ հարկային եկամուտներն ավելացան 334 մլրդ դրամով: Այդ մասին ամփոփոիչ ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Արդյունքում պետական բյուջե մուտք եղավ 2 տրիլիոն 725 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր: Բացի երկնիշ լինելուց՝ շատ կարևոր է ֆիքսել՝ արդյոք մենք հասա՞նք այն թիրախին, որը սահմանված էր պետական բյուջեով: Ես ուրախությամբ ուզում եմ նշել, որ թե՛ ծրագրի նկատմամբ, թե՛ ճշտված ծրագրի նկատմամբ մենք ավելի ենք, գերակատարվել են այդ ծրագրերը: Ծրագրի նկատմամբ 100.2 տոկոս, ճշտված ծրագրի նկատմամբ՝ 100.3 տոկոս: Մենք այս երկնիշ բարձր աճերը գրանցել ենք ոչ միայն ամբողջ հարկային եկամուտների և տուրքերի համար, այլև երկու առանձին խոշոր կոմպոնենտների, որը մենք տարանջատում ենք հարկային և մաքսային մարմինների կողմից ապահովված հարկ վճարողների հետ մեկտեղ: Հարկային մասով ունենք 14.5-տոկոսանոց աճ, մաքսային մասով ունենք 11.6-տոկոսանոց աճ»,- նշեց ՊԵԿ նախագահը: