Մեր մոտ անկանխիկի դերն անշեղորեն մեծանում է թե՛ քանակի, թե՛ հասույթների մեջ: Քանակի մեջ հասել է 29.5 տոկոսի, հասույթների մեջ՝ 37.4 տոկոսի: Ընդ որում՝ սա բոլոր գործարքներին չի վերաբերում տնտեսության, այլ այն գործարքներին, որոնք վերաբերում են առուվաճառքին: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ մյուս ձեռքբերումը չգրանցված աշխատողների բացահայտումներն են: «2025 թվականին 2756 չգրանցված աշխատողներ են հայտնաբերվել, որը շուրջ 700-ով մեծ է 2024 թվականից»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Հակոբյանը նշեց, որ մեկ այլ գործիք է օպերատիվ գործողություններով ստվերի դեմ պայքարը:
«Այստեղ ունենք բավական մեծ բացահայտումներ. ստվերային շրջանառությունը՝ 363 մլրդ, որը 44 տոկոսով բարձր է 2024 թվականից: Թաքցված հարկը՝ 124 մլրդ, որը 29 %-ով է բարձր 2024 թվականից, և վերականգնումները՝ 37 միլիարդ, որը 4 %-ով է բարձր։ Ընդ որում, ուշադրություն, այստեղ շատ կարևոր է, մենք քանակը նվազեցրել ենք, այսինքն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը 22 %-ով նվազել է։ Եվ մյուս կարևոր որակական, էական բարելավումը նաև, որ մենք թվային հետախուզության գործիքների դերն ենք անշեղորեն բարձրացրել։ Եթե 2024 թվականին մեր օպերատիվ-հետախուզական միջոցառումների մեջ մոտ 7% էին թվային հետախուզության գործիքներով բացահայտումները, հիմա մենք ունենք մոտ 40% այդ ամբողջ թվաքանակի մեջ։ Սա նույնպես նշանակում է համեմատաբար կոշտ գործիքի մեջ փափուկ և խելացի գործիքների կիրառում»,- ասաց նա։