ԱՄՆ փոխնախագահի այցից ստացանք այն արդյունքը, ինչին սպասում էինք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով ԱՄՆ փոխնախագահի երկօրյա այցը Հայաստան։
«Այցի մթնոլորտը նույնիսկ ավելի դրական էր, քան ակնկալվում էր։ Ուրախ եմ արձանագրել, որ այն հանրության շրջանում ունեցավ դրական ընկալում։ Սա կարևոր և արտահայտիչ դրսևորում է մեր բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության»,- նշել է նա։
Փաշինյանը կարևորել է նաև Վենսի այցի տնտեսական համատեքստը, քանի որ այն ՀՀ-ն դնում է համաշխարհային ուշադրության կենտորնում․ «Շատ կարևոր է, որ ԱՄՆ ներդրումային միջավայրի ուշադրությունը լրացուցիչ հրավիրվում է ՀՀ-ում բացված և բացվող ներդրումային հնարավորությունների վրա։
Քննարկումներ կան թվերի հետ կապված։ Վենսը այդ մեծ թվերի հրապարակումով ցույց է տալիս ԱՄՆ-ի մեծ քաղաքական կամքը՝ աջակցելու ՀՀ-ում ներդրումներ իրականացնելուն։ Այդ մեծ թվերը պետք է կոնկրետացվեն և դարձվեն կոնկրետ նախագծեր, հասցեներ և լոկացիաներ»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանն առաջին անգամ ԱՄՆ-ի հետ պաշտպանության ոլորոտում համագործակցություն է ունենալու․ «Այս ամենը խաղաղության օրակարգի արդյունքներն են»։
Հիշեցնենք՝ ԱՄՆ փոխնախագահը երկօրյա այցով Հայաստանում էր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։