Մենք առանձին դրվագներով էական բացահայտումներ ունեցանք 2025 թվականին, նաև թվային հետախուզության գործիքների կիրառման արդյունքում: Ես հնչեցրել եմ սրա մասին. մեկ մեծ սերվեր բացահայտեցինք՝ այս պահի դրությամբ գնահատված՝ մոտ 31 միլիարդ ստվերային շրջանառությամբ, 10 միլիարդից ավելի հարկով։ Եվ այստեղ յուրահատուկ ձևով աչքի ընկավ դեղատնային ոլորտը։ Այդ մասին ասուլիսին ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Ունեցանք նմանատիպ խոշոր բացահայտումներ նաև սպորտային ակումբներում»,- նշեց նա։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ նույն պատկերն է նաև մաքսային մասով։ «Շատ էական բացահայտումներ ունեցանք՝ ուսումնասիրելով տրանսպորտային միջոցների պրակտիկան, և բացահայտեցինք շուրջ 250 տրանսպորտային միջոցներ, որոնք ապօրինի տեղափոխվում էին Հայաստանի Հանրապետություն, 38-ը, օրինակ, կեղծ վկայականներով էին տեղափոխվում։ Բայց սա այդքանը չէ միայն, մենք սահմաններին ունեցանք էական մեծ բացահայտումներ, հատկապես մաքսանենգության դեպքերի։ Օրինակ՝ 166 կիլոգրամ հերոին Ագարակի ցամաքային կետում, կամ 1145 տոննա դիզելային վառելիք, որը երեք անգամ գրեթե մեծ է 24 թվականից։ Եվ այսպես շարունակ, բազմաթիվ են դեպքերը, որոնք նույնպես խոսում են հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման մասին։
Մյուս գործոնները, որոնք որ նպաստել են մեր գործունեության արդյունավետության բարձրացմանը և նման բարձր արդյունքների գրանցմանը՝ առաջինը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Եվ բազմիցս առիթ եմ ունեցել այս ցուցանիշներից խոսելու։ Եթե առանձնացնենք ծառայողական քննությունները՝ մոտ 103 ծառայողական քննություններ ենք իրականացրել, որից 78-ով կարգապահական պատասխանատվության ենթարկվողներ կան։ Երկու տասնյակից ավել հաղորդումներ ունենք առերևույթ հանցանքների մասին, ընդ որում՝ արդեն 19-ով իրականացվում են նախաքննություններ»,- ասաց Էդուարդ Հակոբյանը։