«Մեր ձևով» շարժման կողմից հնչած խոստումը՝ Փոքր ու միջին բիզնեսի համար 0 տոկոս շրջանառության հարկ սահմանելու մասին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ընդունելի չի համարում:
«Ես դեռ չեմ տեսել մասնագիտական խոր հիմնավորումներ։ Հորդորս է քաղաքական գործիչներին, որ մենք ցանկացած թիրախ դնելուց առաջ խոսենք դրա հիմքում ընկած հիմնավորումների մասին:
Մասնագիտական տեսանկյունից 0 տոկոս հարկն իր հետևանքներն ունի․ դա նշանակում է ստվեր, ստվերի մեծացում, երբ խոսում ենք 0 տոկոսանոց հարկի մասին: Դա ենթադրում է թաքցվող շրջանառություն, թափանցիկության ցածր մակարդակ, խոշորների մասնատում և տեղավորում այդպիսի համակարգերում: Հետևաբար այդ մոտեցումը մեզ համար անընդունելի է»,- նշեց Էդուարդ Հակոբյանը:
ՊԵԿ նախագահն ասաց, թե ինչպիսին պետք է լինի վերաբերմունքը ՓՄՁ-ների հանդեպ: «Կառավարության մոտեցումը հետևյալն է. այո՛, պետք է հոգատար լինել ՓՄՁ-ների հանդեպ, պետք է ունենալ հնարավորինս փոքր հարկեր, հնարավորինս հեշտ վարչարարություն, հնարավորինս հեշտ հարթակներ, որտեղ հնարավոր է իրենց հաշվետվությունները գեներացնել, այդ թվում՝ ավտոմատ: Այս մոտեցումով էլ, ըստ էության, Կառավարությունն առաջ է շարժվում»,- նշեց նա:
Էդուարդ Հակոբյանը խոսեց նաև «Մեր ձևով» շարժման անդամների հայտարարությունների մասին, թե իշխանության գալու դեպքում պատրաստվում են 300 հազար նոր աշխատատեղ ստեղծել:
«Ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչպիսի և ինչ որակի աշխատատեղերի մասին ենք խոսում, որքանով են դրանք կայուն և երկարաժամկետ»,- նշեց նա:
ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ 2018 թվականից հետո Հայաստանի կառավարությունն արդեն իսկ ստեղծել է շուրջ 300 հազար աշխատատեղ: