ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը փետրվարի 2-5-ը Շվեդիայի Թագավորության Ստոկհոլմ քաղաքում մասնակցել է «Ֆիսկալ և կրթական ապակենտրոնացում և տեղական ինքնակառավարման բարեփոխումներ» (Fiscal and Education Decentralisation and Local SelfGovernment Reforms) խորագրով խորհրդաժողովին: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Հայաստանի Հանրապետությունից ծրագրին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ:
Այցի շրջանակում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է Շվեդիայում կրթության կառավարման համակարգին, մասնավորապես՝ դպրոցների կառավարման ապակենտրոնացման շվեդական մոդելին:
Կազմակերպվել են մի շարք հանդիպումներ Շվեդիայի կրթության կառավարման համակարգի, խորհրդարանի և Ստոկհոլմի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի մարտահրավերները, բարեփոխումների հիմնական ուղղությունները:

Անդրադարձ է կատարվել կրթական համակարգի բարեփոխումներում վստահության, հաշվետվողականության և հանրային վերահսկողության խնդիրներին:
ՀՀ ԿԳՄՍՆ պատվիրակության կազմում է եղել նաև հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը:
Այցը կազմակերպվել է DeaLoG ծրագրի շրջանակում: