ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություններին՝ գրել է․
«2-րդ նախագահ աշխատած ՌՔ֊ը խոսում է եկեղեցուց, խոսում է բարոյականությունից: Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ:
Հ.Գ. Փորձելով անդրադառնալ ԵԽԽՎ-ում իմ ելույթին` սույն անձն ուղղակի ստել է, բայց դե իր դեպքում դա թերևս նորմալ է»:
Հիշեցնենք՝ ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում իր ելույթի ժամանակ Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ պատգամավորի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը բռնի կերպով իշխանությունից հեռացնելու կոչեր են արվում։
«Բայց ուզում եմ Ձեզ մի հարց ուղղել։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ Հայաստանի որոշ քաղաքացիներ հրապարակայնորեն կոչ են անում հեղաշրջման միջոցով իշխանությունից հեռացնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը և Հայաստանի ղեկավարության որոշ ներկայացուցիչների, այդ թվում, ի միջի այլոց՝ նաև իմ, սպանության հրապարակային կոչեր են հնչեցնում։ Ի՞նչ որոշում կկայացնեիք Դուք: Ինչպիսի՞ գործողություններ կձեռնարկեիք նման իրավիճակում»,- հարցրել էր նախարարը:
Ռոբերտ Քոչարյանը հունվարի 29-ի իր ասուլիսում անդրադառնալով ԱԳ նախարարի այս ընդգծմանը՝ ասել էր․
«ԱԳ նախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն էր։ Մեղադրելը, թե եկեղեցին փորձում է իշխանություն վերցնել, ուղղակի ապսուրդ է»։
«
Փաստերի ստուգման հարթակը» (FIP) ստուգել է այս պնդումը և պարզել, որ Քոչարյանի ձևակերպումը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նման հայտարարություն չի արել։
«Փաստացի Արարատ Միրզոյանը պատգամավորի հարցին պատասխանելիս ԵԽԽՎ նիստում չի խոսել եկեղեցու կողմից «իշխանություն վերցնելու» մասին։ Նախարարի ելույթում չկա պնդում, թե եկեղեցին որպես ինստիտուտ փորձում է իշխանություն վերցնել։ Նա խոսել է առանձին անձանց գործողությունների և իրավական գնահատականի մասին»,- գրել է FIP-ը։