ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունից հետո ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից ակնկալիքներին:
«Համոզված եմ՝ լավ կկազմակերպենք, և հույս ունեմ, որ մեր հյուրերը լավ տպավորություններով կհեռանան ՀՀ-ից, ինչպես 2018 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովից հետո էին լավ տպավորություններով հեռացել և, իհարկե, Հայաստանի միջազգային տեսանելիությունը, միջազգային հեղինակությունը և իհարկե այդ պատկառելի ներկայացուցչական պատվիրակությունների հետ առնչվելու, նրանց հետ, այդ թվում, երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու շատ լավ հնարավորություն է: Իմիջիայլոց, Հայաստանում չնկատվեց, բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր մի բան է տեղի ունեցել. Հնդկաստանը և ԵՄ-ը ստորագրել են առևտրային խոշոր պայմանագիր, որը, կարծում եմ, ուղիղ առնչություն ունի նաև մեր տարածաշրջանի և ՀՀ-ի հետ, Ադրբեջանի, Վրաստանի: Որովհետև կարծում եմ, որ Հարավային Կովկասի տարանցիկ պոտենցիալը և նշանակությունը, այդ թվում՝ այդ պայմանագրի բերումով, ավելի է մեծանալու: Ընդ որում՝ ես չեմ առանձնացում երկրներից որևէ մեկը: Ես խոսում եմ Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի մասին, և ինչքան շուտ համագործակցության կոնկրետ ձևաչափեր գտնենք, այնքան ավելի լավ կլինի տարածաշրջանի, նրա պետությունների և ժողովուրդների և, իհարկե, ԵՄ և Հնդկաստանի մեր գործընկերների համար, որովհետև այդ գործարքները պետք է իրականություն դառնան:
Պարզ է՝ ծովային ուղիները բավականին էֆեկտիվ կլինեն և կգործեն, և դրանք այսօր էլ գործում են: Բայց հատկապես հիմա ԹՐԻՓՓ նախագծի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Հարավային Կովկասի՝ որպես տարանցման երթուղու նշանակությունը էականորեն մեծանում է»,- նշեց վարչապետը: