Associated Press-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի մեծ մասում մոլեգնող ուժեղ ձմեռային փոթորիկը խլել է առնվազն 30 մարդու կյանք։ Նյու Յորքի պաշտոնյաների տվյալներով՝ միայն հանգստյան օրերին քաղաքի փողոցներում հայտնաբերվել է ութ դիակ։
Փոթորիկը լայնածավալ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ է դարձել։ Poweroutage.com կայքի տվյալներով՝ երկուշաբթի երեկոյան ավելի քան 630,000 հաճախորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Աղետի հիմնական հարվածը ստացել են ԱՄՆ հարավային նահանգները, սառցե անձրևները վնասել են էլեկտրահաղորդման գծերը հյուսիսային Միսիսիպիում և Թենեսիի որոշ հատվածներում։
Խափանվել է օդային հաղորդակցությունը. Flightaware.com կայքի տվյալներով՝ երկուշաբթի ամբողջ երկրում գրանցվել է թռիչքի ավելի քան 12,000 ուշացում և չեղարկում։ Մեկ օր առաջ չեղարկվել էր բոլոր ներքին չվերթների 45%-ը՝ ամենաբարձր թիվը COVID-19 համավարակի սկսվելուց ի վեր։
Ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է, որ սառնամանիքները կպահպանվեն. սպասվում է արկտիկական օդի նոր ներհոսք, որը կուժեղացնի ցրտերը ձյան տեղումներից ու մերկասառույցից արդեն տուժած շրջաններում: Չի բացառվել նոր ձմեռային փոթորկի ձևավորումը, որը կարող է ազդել Արևելյան ափի վրա առաջիկա հանգստյան օրերին: