Միացյալ Նահանգներն ավարտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու գործընթացը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է հունվարի 22-ին ԱՄՆ առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարության կայքում։ Bloomberg-ի և Reuters-ի տվյալներով՝ ԱՄՆ կառավարությունը չի վճարել կազմակերպությանը մոտ 260 միլիոն դոլարի պարտքը։ Associated Press-ը այս պարտքը գնահատում է ավելի քան 130 միլիոն դոլար։
Ամերիկյան կողմը, մասնավորապես, բացատրել է ԱՀԿ-ից իր դուրս գալը՝ նշելով «չինական Ուհան քաղաքում ծագած COVID19 համավարակին կազմակերպության անբավարար արձագանքը, անհապաղ անհրաժեշտ բարեփոխումներ չձեռնարկելը և ԱՀԿ անդամ պետությունների՝ ոչ իրավաչափ քաղաքական ազդեցությունից անկախություն չցուցաբերելը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ երկրի՝ ԱՀԿ-ից դուրս գալու մտադրության մասին հրամանագիրը ստորագրել է 2025 թվականի հունվարի 20-ին՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո առաջին իսկ օրը։ Reuters-ը և Bloomberg-ը կազմակերպությունից մեկ տարի անց դուրս գալը բացատրում են ԱՄՆ իրավական պահանջներով. նման ծրագրերի մասին պետք է ծանուցում տրամադրվի 12 ամիս առաջ, նաև պահանջվում է բոլոր չվճարված գումարների վճարում։
Ինչպես նշում է Reuters-ը, Միացյալ Նահանգները ԱՀԿ-ի ամենամեծ ֆինանսավորողն էր՝ ապահովելով կազմակերպության ընդհանուր ֆինանսավորման մոտ 18%-ը։ ԱՄՆ-ի դուրս գալու ծրագրերի ֆոնին ԱՀԿ-ն մինչև 2026 թվականի կեսը կկրճատի իր աշխատակիցների մոտ մեկ քառորդը: