ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Գրենլանդիային աջակցող ԵՄ երկրների համար փետրվարի 1-ից նախատեսվող մաքսատուրքերը։
«Միացյալ Նահանգները չի կիրառի հայտարարված ներմուծման մաքսատուրքերը եվրոպական երկրների նկատմամբ՝ կապված Գրենլանդիայի իրավիճակի հետ, քանի որ գործարքի ուրվագծերը հայտնի են դարձել։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ ունեցած շատ արդյունավետ հանդիպման հիման վրա մենք մշակել ենք ապագա համաձայնագրի շրջանակ, որը կներառի Գրենլանդիան և, իհարկե, ամբողջ Արկտիկական տարածաշրջանը։ Այս փոխըմբռնման հիման վրա ես չեմ սահմանի այն մաքսատուրքերը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին փետրվարի 1-ից»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
Թրամփ-Ռյուտե հանդիպումը տեղի է ունեցել Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում։
«Այս որոշումը, եթե այն կյանքի կոչվի, հիանալի կլինի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2026 թվականի փետրվարի 1-ից Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդերլանդներից և Ֆինլանդիայից Միացյալ Նահանգներ ուղարկվող բոլոր ապրանքների համար գանձվելու էր 10 տոկոսանոց մաքսատուրք։
Truth Social-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ մաքսատուրքը գանձվելու էր այնքան ժամանակ, քանի դեռ Գրենլանդիայի լիակատար և վերջնական գնման վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։