Մի օր զանգ եմ ստացել, և ինձ դրա մասին հայտնել են, տեղեկացրել են, ես էլ շնորհակալությամբ ընդունել եմ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, թե ինչքանով է «Զայեդ» մրցանակը կարևոր ՀՀ-ի համար:
Փաշինյանը տեղեկացրեց, որ և՛ հիմնադրամի, և՛ մրցանակաբաշխության մասին նախկինում էլ տեղյակ է եղել մրցանակի հետ կապված լուսաբանումներից:
«Գիտեմ, որ հիմնադրվել է 2019 թվականին կաթոլիկ աշխարհի և իսլամական աշխարհի առաջնորդների կամ, կներեք, Մեծ Իմամի կողմից, որի հետ Եգիպտոսում հանդիպելու առիթ ունեցել եմ (ի դեպ, Վատիկանում էլ երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի հետ եմ հանդիպելու առիթ ունեցել): Հեղինակավոր մրցանակ է: Այս տարի, եթե չեմ սխալվում, 3 մրցանակակիր կա, մրցանակակիրներից մեկը ես եմ, մյուսը՝ Ադրբեջանի նախագահը, և Աֆղանստանում կանանց կրթության հարցերով զբաղվող մի ակտիվիստ: Պատրաստվում ենք մեկնել և մասնակցել մրցանակաբաշխությանը:
Շատ շնորհակալ եմ այդ որոշման համար, ինձ համար մեծ պատիվ է արժանանալ նման մրցանակի և, ինչպես ասել եմ, համարում եմ, որ այն պատճառները կամ արդյունքները, որոնք ընկած են այդ մրցանակաբաշխության որոշման հիմքում, իհարկե, թիմային աշխատանքի արդյունք են՝ Կառավարության, խորհրդարանական մեծամասնության և, ամենակարևորը՝ մեր ժողովրդի, ՀՀ քաղաքացիների, որովհետև առանց նրանց աջակցության, առանց նրանց վստահության և առանց նրանց հաստատման այս ամենը հնարավոր չէր լինի իրականացնել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևանում «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը, մրցանակի հանձնաժողովի անդամներ Շառլ Միշելն ու Մուսա Ֆակի Մահամաթը ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանին են փոխանցել փետրվարի 4-ին Աբու Դաբիում կայանալիք «Զայեդ» մրցանակի արարողությանը մասնակցելու հրավերը։