Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ, փոխանցում են նախագահի աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների սերտ համագործակցության օրակարգային հարցեր՝ քաղաքական, ֆինանսատնտեսական, գործարար և կրթական ոլորտներում: Երկուստեք ընդգծվել է արդյունավետ համագործակցության զարգացման համար անհրաժեշտ քայլերի ներդրման կարևորությունը, մասնավորապես փոխգործակցության նոր ծրագրերի մշակման և ներդրումային նախաձեռնությունների խթանման ուղղությամբ:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և ընդհանուր իրադրությանը։ Ընդգծելով խաղաղության և կայունության կարևորագույն դերակատարությունը ամբողջ տարածաշրջանի զարգացման համար: Այս համատեքստում կարևոր է գնահատվել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչումը, ինչպես նաև օգոստոսի 8-ի համաձայնագրի դերը՝ որպես արդյունավետ գործիք հաղորդակցության ուղիների գործարկման և տնտեսական ու ենթակառուցվածքային զարգացման ապահովման համար:
Նշվել է, որ Tripp նախագիծը հանդիսանում է տարածաշրջանը միավորող հարթակ և խթանում է առևտրային, տրանսպորտային կապերի արդյունավետ կազմակերպումը, ինչը մեծապես նպաստում է տարածաշրջանային զարգացմանը և համագործակցության խորացմանը:
Հանդիպման ավարտին Լեհաստանի նախագահը հրավիրել է Հայաստանի Հանրապետության նախագահին այցելել Լեհաստան հարմար պահի, ինչն ընդգծում է երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և փոխադարձ վստահության նոր մակարդակ անցնելու պատրաստակամությունը: