Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից նամակ ստանալու փաստը, որում ամերիկացի առաջնորդը նշել է, որ այլևս պարտավորված չի զգում «մտածել բացառապես խաղաղության մասին»՝ Նորվեգիայի կողմից իրեն Նոբելյան խաղաղության մրցանակ չշնորհելու որոշման պատճառով։
«Հաշվի առնելով, որ Ձեր երկիրը որոշել է ինձ Նոբելյան մրցանակ չտալ այն բանի համար, որ ես կանգնեցրել եմ ավելի քան ութ պատերազմ, ես այլևս ինձ պարտավորված չեմ զգում մտածել միայն խաղաղության մասին, թեև կարծում եմ, որ այն միշտ առաջնային կլինի: Այժմ կարող եմ մտածել այն մասին, թե ինչն է լավ ու ճիշտ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,- ասվում է նամակում, որը հրապարակել է PBS-ի լրագրող Նիք Շիֆրինը X-ում:
Ի պատասխան Թրամփի նամակին՝ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն Bloomberg-ին ասել է. «Խաղաղության Նոբելյան մրցանակի վերաբերյալ ես մի քանի անգամ Թրամփին հստակեցրել եմ այն, ինչ արդեն լավ հայտնի է: Մրցանակը շնորհում է անկախ Նոբելյան կոմիտեն, այլ ոչ թե՝ Նորվեգիայի կառավարությունը»: