Նոյեմբերի 1-ին գործարկվեց Ոստիկանության գվարդիան՝ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից վերջինը, նոր ոճ և ձեռագիր բերելով ներքին անվտանգության համակարգին։ Այդ մասին տեղեկացնում է ՆԳ նախարարությունը:
Մինչ ծառայության մեկնարկը անձնակազմն անցել է համապատասխան վերապատրաստման գործընթաց:
Միջազգային ստանդարտներին համապատասխանող սպառազինությամբ և վերապատրաստված ծառայողներով Ոստիկանության գվարդիան հանրապետությունում այսօր իրականացնում է հասարակական կարգի պահպանություն, ապահովում հանրության անվտանգությունը։ Եվ այս կարճ ժամանակահատվածում հանցավորության դեմ պայքարում Ոստիկանության գվարդիան արդեն իսկ գրանցել է էական արդյունքներ։
ՆԳՆ Ոստիկանության գվարդիայի ՀԿՊ և ՀԱԱ վարչության պետ Էդգար Պետրոսյանը նշում է, որ Ոստիկանության գվարդիայի ձևավորումից ի վեր ծառայողները բացահայտել են հանցագործության 146 դեպք, որոնցից 69-ը Համայնքային ոստիկանության հետ համագործակցության արդյունքում։ Բացահայտված դեպքերի թվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության, զենք-զինամթերքի հայտնաբերման, կողոպուտի, մարմնական վնասվածքներ պատճառելու, սառը զենքի հայտնաբերման դեպքերը։
Ծառայության ընթացքում ուժային միջոցների նոր ստանդարտի կիրառման հերթական դեպքը փաստեց, որ գվարդիայի ծառայողները կարողանում են պրակտիկայում կիրառել վերապատրաստումներին համահունչ գործիքակազմ՝ պահպանելով հրազենի գործադրման իրավաչափության պայմանները։
Մայրաքաղաքի փողոցներից մեկում վարորդը դրսևորել էր կասկածելի վարքագիծ։ Գվարդիայի ծառայողները փորձել էին կանգնեցնել մեքենան, սակայն վարորդը դիմել էր փախուստի։
Պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում կիրառելով նախազգուշական միջոցներ՝ գվարդիայի ծառայողները կանխել են վարորդի ու ուղևորի փախուստը, ապա ձերբակալել նրանց։ Տղամարդկանց խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել էր կոկաին։
ՆԳ նախարարությունը շարունակում է Ոստիկանության գվարդիայի ծառայողների վերապատրաստման գործընթացը՝ նպաստելով նրանց մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ու նոր հմտությունների ձեռքբերմանը։