Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի և Սարամեջ գյուղի բնակիչ 17-ամյա երկու տղաներ տեղադրելու միջոցով իրացնում են թմրամիջոցներ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
Հունվարի 12-ին՝ ժամը 12․25-ին, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում նրանցից մեկը հայտնաբերվել և տեղափոխվել է վարչություն։ Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է կպչուն ժապավենով չորս փաթեթ և գաղտնի փականով դանակ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված միջոցառման արդյունքում նույն օրը՝ ժամը 16․55-ին, հայտնաբերվել ու վարչություն է տեղափոխվել նաև 17-ամյա մյուս պատանին։
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ վերջինիս թմրամիջոցով փաթեթները տվել է համագյուղացին՝ Սարամեջի բնակիչ մեկ այլ 17-ամյա պատանի։ Նա էլ նույն օրը ձերբակալվել է:
Ըստ պատանիների՝ նրանք իբր գտել են թմրամիջոցով փաթեթները, որոնց մի մասը թաքցրել են Սարամեջ գյուղի սկզբնամասում։
Հունվարի 14-ին կատարված զննությամբ տղաների նշած վայրում հայտնաբերվել է մարիխուանայով 19 փաթեթ։
Դատարանի որոշմամբ նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական վերահսկողությունը՝ համակցված բացակայելու արգելքի և դաստիարակչական վերահսկողության հետ։
Ոստիկանությունը հիշեցնում է՝ տեղադրման միջոցով թմրանյութերի իրացումն էլ է հանցանք, որին հաջորդում է քրեական պատասխանատվությունը։
Ոստիկանությունը կրկին կոչ է անում ծնողներին՝ լինել ուշադիր անչափահասների նկատմամբ, նրանց մշտապես հիշեցնել պատժի անխուսափելիության մասին և հեռու պահել հակաօրինական արարքներից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: