Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում: Այդ մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
«Հեռանկարի վերանայումը պայմանավորված է Հայաստանի միջազգային պահուստների աճով, հարկաբյուջետային կոնսոլիդացիայով, պարտքի կայունացմամբ և շարունակական կայուն տնտեսական աճով։
Նկատի է առնվել, որ ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը նպաստում է տարածաշրջանում կայունության ամրապնդմանը։
Ակնկալվում է, որ 2025 թ. ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.5%, իսկ 2026-27 թթ. աճը կպահպանվի 5.0 %-ից բարձր մակարդակում։
Միջնաժամկետ հատվածում աճի լրացուցիչ դրական հնարավորություններ կարող են ի հայտ գալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կայուն իրագործման և Թուրքիայի հետ սահմանի բացման պարագայում։
Այն ժամանակաշրջանում, երբ համաշխարհային տնտեսությունը ենթարկվում է հաճախակի տատանումների, Հայաստանը ոչ միայն պահպանում է կայունություն, այլև ցուցադրում է զարգացման այնպիսի դինամիկա, որը խոշորագույն վարկանիշային կառույցներին թույլ է տալիս վերանայել իրենց սպասումները դեպի առավել լավատեսական հորիզոն։
Fitch-ն ամփոփում է, որ Հայաստանի «BB-» վարկանիշն արտացոլում է մակրոտնտեսական քաղաքականության կայուն շրջանակը և տնտեսական բարձր աճը, որը նպաստում է մեկ շնչին ընկնող եկամտի ավելացմանը։
Վարկանիշի հեռանկարի փոփոխությունը «դրականի» արտացոլում է հաջորդ վերանայումների վարկանիշի բարձրացման մեծ հավանականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։