Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված հինգ անձանցից չորսի, այդ թվում՝ ՊԵԿ երեք պաշտոնատար անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորն էլ բավարարվել են: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նախօրեին տեղեկացրել էինք, որ ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու գործով ձերբակալված անձանց մասով քրեական վարույթը նախաձեռնվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ ՀՀ հակակառուպցիոն կոմիտեին փոխանցված տեղեկատվության հիման վրա։
ՊԵԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեում բացվել էր ծառայողական քննություն։