ԱՄՆ-ն մեծացնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում Իրանի հասցեին երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանության սրման ֆոնին: Ինչպես հաղորդում է The New York Times-ը, Հարավչինական ծովում տեղակայված USS Abraham Lincoln ավիակիրը և դրան ուղեկցող մյուս նավերը տեղափոխվում են տարածաշրջան:
Ակնկալվում է, որ նրանց ժամանումը Մերձավոր Արևելք կտևի մոտ մեկ շաբաթ: NYT-ի տվյալներով՝ առաքվում է նաև լրացուցիչ զենք և ռազմական տեխնիկա։ Պենտագոնը դեռևս պաշտոնապես չի հաստատել ավիակիր խմբի տեղափոխումը:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը սպառնացել է Իրանին, որ Թրամփը դիտարկում է բոլոր տարբերակները՝ «կոտորածը դադարեցնելու համար»՝ նկատի ունենալով Իրանի կառավարության կողմից բողոքի ցույցերի ժամանակ կիրառված միջոցները: