Դոնալդ Թրամփը Կառավարության նիստում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղության ուղղությամբ նշանակալի առաջընթաց է գրանցվել։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ պատանդները պետք է վերադառնան Իսրայել մինչև հաջորդ շաբաթվա սկիզբը:
«Առաջիկայում ԱՄՆ ներկայացուցիչները, այդ թվում՝ ես, կմեկնենք Եգիպտոս՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի պաշտոնական ստորագրման համար»,- հավելել է Թրամփը։
ՀԱՄԱՍ-ի բանակցային խմբի ղեկավար Խալիլ ալ Հայյան հայտարարել է, որ հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնից և մյուս միջնորդներից երաշխիքներ են ստացել, որ Գազայում պատերազմը վերջնականապես ավարտվել է։
Միևնույն ժամանակ, պաղեստինյան շարժումը մեղադրել է Իսրայելին՝ ռմբակոծությունները շարունակելու, խաղաղ բնակիչներին սպանելու և հրադադարի համաձայնությունը խաթարելու փորձի համար։ ՑԱՀԱԼ-ն ընդունել է, որ հարվածել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին՝ նշելով, որ նրանք սպառնացել են իսրայելցի զինվորների անվտանգությանը: