Տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին ԱՄՆ-ը որպես նախազգուշական միջոց Մերձավոր Արևելքում իր հիմնական ռազմաբազաներից դուրս է բերում զինծառայողների մի մասին։ Այդ մասին
Reuters-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան՝ անանունության պայմանով։
Ավելի վաղ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել էր, որ Թեհրանը զգուշացրել է հարևան երկրներին, որոնց տարածքում ԱՄՆ-ն ունի ռազմական ներկայություն հնարավոր հարվածների մասին, եթե Վաշինգտոնը հարվածի Իրանին։
CNN-ի տվյալներով՝ որոշ զինծառայողների առաջարկվել է լքել Կատարում գտնվող Ալ-Ուդեյդ ավիաբազան, որը ԱՄՆ-ի ամենախոշոր ռազմաբազան է Մերձավոր Արևելքում։ Այնտեղ տեղակայված է շուրջ 10 հազար զինծառայող։ Հունիսին Իրանը թիրախավորել էր այդ բազան այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածներ էր հասցրել իրանական միջուկային օբյեկտներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը «պատրաստ է օգնության հասնել» Իրանում հակակառավարական ակցիաների մասնակիցներին, որոնց երկրի իշխանությունները դաժանորեն ճնշում են։ Մասնավորապես, նա սպառնացել էր, որ ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի նկատմամբ գործողությունների «մի քանի շատ կոշտ տարբերակներ»։ ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը կարող է անգամ գնալ ռազմական ուժի կիրառման մասին։
Նախօրեին ԱՄՆ-ը կոչ էր արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը։