ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 15-ին հանդիպել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի հետ՝ քննարկելու Վենեսուելայի ապագան՝ Վաշինգտոնի կողմից Նիկոլաս Մադուրոյին գերեվարելուց հետո։
Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո Մաչադոն, ով անցյալ տարի արժանացել էր Նոբելյան խաղաղության մրցանակի, լրագրողներին ասել է, որ իր մրցանակը հանձնել է Թրամփին՝ ի նշան Վենեսուելայի ազատության նկատմամբ նրա եզակի նվիրվածության։
Կարճ հայտարարության մեջ նա նաև հավելել է, որ հանդիպումը ԱՄՆ նախագահի հետ լավ է անցել, և որ իր կողմնակիցները կարող են հույս դնել Թրամփի վրա։
Սպիտակ տան աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահը «մտադիր է պահպանել մեդալը»։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն անդրադառնալով հանդիպմանը` հայտարարել է, որ Թրամփի կարծիքով Մաչադոն չունի անհրաժեշտ աջակցությունը կարճաժամկետ հեռանկարում երկիրը ղեկավարելու համար։
Ավելի վաղ Թրամփը CNN-ի եթերում ասել էր, որ ցանկանում է խոսել Մարիա Կորինա Մաչադոյի հետ։ «Նա կարող է ներգրավված լինել որոշ ասպեկտներում։ Ես պետք է խոսեմ նրա հետ»,- ասել էր նա։ Ավելի ուշ Թրամփը TruthSocial սոցցանցի էջում շնորհակալություն է հայտնել Մաչադոյին` Նոբելյան մրցանակն իրեն փոխանցելու համար։