Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և նմանատիպ գործընթացների մեջ ներառված չի լինելու։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հայտարարությանն այն մասին, որ Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը։
«TRIPP-ը մեծ հնարավորություններ է ստեղծելու տարածաշրջանի բոլոր երկրների համար, այդ թվում՝ Իրանի համար:
Ինչ վերաբերում է մտահոգություններին, կարծում եմ՝ լարվածությունը, որն իրենց երկրում կա, երբ ինչ-որ ձևով հանգուցալուծվի, կհամոզվեն, որ նման բան գոյություն չունի»,- ասաց նա:
Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ դեռ հանդիպում չի եղել, սակայն հայկական կողմը կապի մեջ է իրանական կողմի հետ:
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել էր Իրանի դեսպանի հայտարարությանը՝ նշելով. «Մենք Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ շփումներում բազմիցս ասել ենք, որ ՀՀ-ն Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի, և նույնն ակնկալում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից»:
Վարչապետը նաև նշել էր, որ Իրանի Իսլամական Հանարապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ շատ ուշադիր են. «Ամեն ինչ արել ենք և կշարունակենք անել ԻԻՀ՝ մեզ համար բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իրանի դեսպանի հնչեցրած մտահոգություններին:
ՆԳՆ-ն ևս արձագանքել էր ԻԻՀ դեսպանության առջև իրականացվող բողոքի ակցիաների վերաբերյալ հնչած հայտարարությանը: