ԱՄՆ Սենատ է ներկայացվել օրինագիծ, որով արգելվում է ԱՄՆ զինված ուժերին գրավել ՆԱՏՕ-ի դաշնակիցների որևէ տարածք։ Դա հիմնականում վերաբերում է Գրենլանդիային, որի նկատմամբ, ըստ Financial Times-ի, «հավակնություններ ունի» նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։
Օրինագիծն արգելում է Պենտագոնին և ԱՄՆ պետքարտուղարությանն օգտագործել Կոնգրեսի ֆինանսավորումը՝ «ՆԱՏՕ-ի անդամ պետության տարածքը շրջափակելու, գրավելու, բռնակցման ենթարկելու, ռազմական գործողություններ իրականացնելու կամ այլ կերպ վերահսկողություն հաստատելու համար»։
Օրինագիծը ներկայացրել են դեմոկրատ սենատոր Ջին Շահինը և հանրապետական սենատոր Լիզա Մուրկովսկին։ Փաստաթուղթը ներկայացվել է այն ժամանակ, երբ երկու կուսակցությունների սենատորները մտահոգություն են հայտնել Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկության վերաբերյալ։
«Այն միտքը, որ Ամերիկան օգտագործում է մեր հսկայական ռեսուրսները մեր դաշնակիցների դեմ, խորապես մտահոգիչ է և պետք է ամբողջությամբ մերժվի Կոնգրեսի կողմից օրենսդրական ակտի միջոցով»,- նշել է Մուրկովսկին։
Սենատից բացի, դեմոկրատ կոնգրեսական Բիլ Քիթինգի գլխավորած երկկուսակցական խումբը հունվարի 12-ին նմանատիպ օրինագիծ է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ։