2019 թվականից նոր ուղղություններով չվերթ իրականացնելիս ավիաընկերութուններն ազատվում են ֆիզիկական անձանց համար նախատեսված օդի տուրքից: Այդ կանոնի կիրառմամբ ներկայում ընդարձակվել է չվերթներ իրականցնող ուղղությունների աշխարհագրությունը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ օրենքի կիրառման ընթացքում առաջացել են որոշակի խոչընդոտներ, որոնց պատճառով տեղական ավիաընկերությունները չեն կարողացել սեփական կոդով չվերթներ իրականացնել նոր ուղղություններով և օգտվել վերոնշյալ արտոնությունից՝ օդի տուրքի ազատումից:
Կառավարությունն առաջարկում է լրացում և փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, որոնց համաձայն՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ այն ավիաընկերությունները, որոնք սեփական կոդով չվերթեր չեն կարողացել իրականացնել և օգտագործել են թաց-լիզինգի պայմանագրով օդանավեր, կարող են ներկայացված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, այդ պահին նոր համարված ուղղությունների համար նորից հայտ ներկայացնել և օգտվել նախատեսված արտոնությունից:
Նշվել է, որ ներկայում օդի տուրքից ազատման արտոնությունը տրամադրվում է երեք տարի ժամկետով՝ երկու տարի երկարաձգելու հնարավորությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն հինգ տարի չվերթներ իրականացնող շատ ուղղություններով կա դրական արդյունք՝ Կառավարությունն առաջարկում է պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնության տրամադրման ժամկետի երկարաձգումն իրականացնել մինչև երկու անգամ՝ ամեն անգամ 24 ամիս ժամկետով:
Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ի նիստում և ստացել է դրական եզրակացություն: