Արարատի մարզ կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը եղել է պետության կողմից արտապատվիրակման միջոցով ծառայություններ մատուցող «Ձեզ համար» և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունների երեխաների զարգացման և տարեցների ցերեկային կենտրոններում։ Այս մասին հայտնում է նախարարությունը:
Նախարար Թորոսյանը շրջայց է կատարել կենտրոններում, ծանոթացել երեխաներին ու տարեցներին մատուցվող ծառայություններին, շփվել նրանց հետ։
«Ձեզ համար» երեխաների ցերեկային կենտրոնի աշխատակիցների և շահառուների ծնողների հետ քննարկվել են նաև առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մատուցվող ծառայությունների շրջանակի բարելավման հարցերը։