Եվրոպան լիովին աջակցում է Իրանի ցուցարարներին և դատապարտում է նրանց նկատմամբ կիրառվող բռնությունը։ X-ի իր
միկոբլոգում նման հայտարարություն է տեղաղդրել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Թեհրանի փողոցները և աշխարհի տարբեր քաղաքներ արձագանքում են իրանցի կանանց ու տղամարդկանց քայլերին, որոնք ազատություն են պահանջում։ Խոսքի ազատության, հավաքների անցկացման, ճանապարհորդելու և, ամենակարևորը` ազատ ապրելու իրավունքի մասին է։ Եվրոպան ամբողջությամբ աջակցում է նրանց։ Մենք վճռականորեն դատապարտում ենք այդ օրինական ցույցերի դաժան ճնշումը։
Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր կալանավորված ցուցարարներին, վերականգնել համացանցի հասանելիությունը։ Եվ վերջապես՝ կոչ ենք անում հարգել հիմնարար իրավունքները»,-նշել է նա։
Իրանում ցույցերը չեն դադարում 2025 թվականի դեկտեմբերի 28-ից։ Այդ օրը Թեհրանի գլխավոր քաղաքային շուկայի խանութների սեփականատերերը փակել են իրենց խանութները՝ ի նշան երկրում տնտեսական իրավիճակի վատթարացման դեմ բողոքի։ Հետագայում ցույցերին միացել են նաև երկրի այլ խոշոր քաղաքների բնակիչները։
Դեկտեմբերի 30-ին տեղեկություններ են հայտնվել ցուցարարների և ոստիկանության միջև առաջին բախումների մասին, ինչպես նաև այն մասին, որ ուժայինները ցույցերը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ։ Ժամանակի ընթացքում բողոքը ձեռք է բերել քաղաքական բնույթ․ մասնակիցների շրջանում հնչել են այնպիսի կարգախոսներ, ինչպիսին է «Մահ Խամենեիին»։ Խոսքը վերաբերում է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։
Հետագայում ցույցերը վերածվել են անկարգությունների։ Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի տվյալներով՝ հունվարի 9-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում հրկիզվել է ավելի քան 50 բանկ և մի քանի պետական հիմնարկ, իսկ կրակից ոչնչացվել է ավելի քան 30 մզկիթ։
Բողոքի ցույցերի ֆոնին իշխանությունները խստացրել են վերահսկողությունը Թեհրանի փողոցներում և սահմանափակել ինտերնետի հասանելիությունը։ Իրավապաշտպան տեղեկատվական HRANA գործակալության տվյալներով՝ հունվարի 9-ի դրությամբ բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է առնվազն 65 մարդ՝ այդ թվում անվտանգության ուժերի 15 աշխատակից և 50 ցուցարար, իսկ ավելի քան 2300 մարդ ձերբակալվել է։ Անկարգությունների գագաթնակետը գրանցվել է հունվարի 8-ի երեկոյան, երբ զոհվել է առնվազն 11 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա, ինչպես նաև իրավապահ մարմինների մի քանի աշխատակից, մասնավորապես՝ Էսֆերայեն քաղաքի դատախազը։
Այաթոլլա Ալի Խամենեին զանգվածային բողոքի ցույցերի մասնակիցներին անվանել է «սադրիչներ» և մարդիկ, որոնք «վնասում են երկրին»։