Հունվարի 6-ի կեսօրին Հալեպում բախումներ են սկսվել Սիրիայի բանակի և Սիրիական ժողովրդավարական ուժերի (SDF) քրդական ներքին անվտանգության ստորաբաժանումների միջև։ Այդ մասին Հալեպից հայտնել է «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը։
Բախումների հարակից տարածքներում գտնվում են հայաբնակ թաղամասեր, որոնք նույնպես հայտնվել են վտանգավոր գոտում։ Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև երեկոյան ժամերն արձանագրվել է առնվազն 4 զոհ, 15 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ։ Երեկոյան բախումները սաստկացել են։
Ազգային Առաջնորդարանը չեղարկել է հունվարի 7-ին՝ Սուրբծննդյան տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի պատարագը և կոչ արել բնակչությանը դուրս չգալ տներից ու պատսպարվել բնակարանների ներքին սենյակներում։
Հալեպի նահանգապետ Ազզամ Ղարիբը հայտարարել է, որ անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով հունվարի 7-ը հայտարարվում է ոչ աշխատանքային օր բոլոր դպրոցների, համալսարանների և պետական հաստատությունների համար՝ բացառությամբ հիվանդանոցների և արտակարգ իրավիճակների ծառայությունների։ Բախումները տեղի են ունենում Հալեպի Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե և Սիրիան շրջաններում։ Բախումների մերձակայքում գտնվող հայաբնակ թաղամասերում մինչ այս պահը արձանագրվել են միայն նյութական վնասներ։
«Լուրեր»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հալեպի միջազգային օդանավակայանը հունվարի 7-ին 24 ժամով կդադարեցնի բոլոր թռիչքների ընդունումը։