Ամերիկյան ափամերձ պահպանության ծառայության նավի ու մի քանի ռազմական տրանսպորտային ինքնաթիռի հետապնդման արդյունքում հաջողվել է Իսլանդիայի և Բրիտանական կղզիների միջև ընկած տարածքում կալանել պատժամիջոցների տակ գտնվող Marinera (նախկինում՝ Bella 1) նավթային լցանավը, հայտնում է Fox News-ը:
ԱՄՆ պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ գործողությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ լարվածության աճի: Նախկինում Bella 1 անունով հայտնի տանկերը կարողացել է անցնել պատժամիջոցների տակ գտնվող նավերի ամերիկյան ծովային «շրջափակման» միջով և թույլ չի տվել ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությանը ստուգումներ անցկացնել նավում: Նշվել է նաև, որ գործողության պահին անմիջական հարևանությամբ են գտնվել ռուսական ռազմական նավերը, այդ թվում՝ ռուսական սուզանավը:
Ավելի վաղ CBS News-ը հայտնել էր, որ Ռուսաստանը ռազմածովային ուժեր, այդ թվում՝ սուզանավ է ուղարկել Ատլանտյան օվկիանոս՝ Marinera նավթային լցանավին ուղեկցելու համար, որին նաև հետևում են ԱՄՆ զինված ուժերը:
2025 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է շրջափակել պատժամիջոցների տակ գտնվող նավթային լցանավերը, որոնք ուղևորվում են Վենեսուելա կամ մեկնում են այդ երկրից։