Սիրիայի ցամաքային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել Հալեպի հիմնականում քրդաբնակ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերում՝ քրդերի գլխավորած Սիրիական դեմոկրատական ուժերի (SDF) մասնակցությամբ բախումներից հետո՝ հայտնել է SANA գործակալությունը։
Հալեպում բախումները ստիպել են բնակիչներին լքել քրդական թաղամասերը, զոհվել է առնվազն 9 մարդ, կա 50-ից ավելի վիրավոր։ Բռնությունները հաջորդել են քրդական ուժերը բանակում ընդգրկելու շուրջ բանակցություններին, որոնք փակուղի են մտել։ Սիրիական հրամանատարությունը քրդերով բնակեցված թաղամասերում SDF-ի բոլոր դիրքերը որակել է որպես օրինական ռազմական թիրախներ։
«Սիրիական դեմոկրատական ուժեր» կոալիցիան կառավարական զորքերին մեղադրել է Հալեպի հյուսիսում խիտ բնակեցված թաղամասերի շրջափակման համար, նշել, որ հարձակումների ժամանակ օգտագործում են անօդաչու թռչող սարքեր և կրակում են տանկերից, շրջափակված շրջանների շուրջ կենտրոնացած է ավելի քան 80 միավոր զրահատեխնիկա: