Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ուկրաինական հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, մեծ մասը՝ Բրյանսկի, Բելգորոդի և Յարոսլավլի շրջաններում։ Տվերում անօդաչու թռչող սարքի բեկորը հարվածել է բազմահարկ շենքի, կան տուժածներ։ Բրյանսկի մարզում վիրավորվել է երկու մարդ, Բելգորոդում կան զոհեր: Վորոնեժի մարզում վնասվել են երկաթուղային գծեր: ԶԼՄ-ների տվյալով՝ ուկրաինական ուժերը հարվածել են Լիպեցկի մարզի և Բաշկորտոստանի նավթային օբյեկտներին: Հրդեհ է բռնկվել։ Պայթյուններ են որոտացել նաև Ստերլիտամակում. այնտեղ հարվածի տակ է հայտնվել նավթաքիմիական գործարանը:
Վոլոդիմիր Զելենսկին էլ ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական ուժերը հարվածել են Կիևի հիվանդանոցներից մեկին, բուժառուները տարհանվել են, կան վիրավորներ և մեկ զոհ: Ուկրաինայի նախագահը հերթական անգամ կոչ է արել գործընկերներին՝ ուժեղացնել երկրի հակաօդային պաշտպանությունը:
Զուգահեռ՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակումներ է արել իր էջերում, որոնցից մեկը՝ ռուսերեն: Դրա վրա գրված է․ «Խաղեր մի՛ խաղացեք նախագահ Թրամփի հետ, եթե դեռ չգիտեիք, իմացեք՝ նա գործի մարդ է»: Գրառումն արվել է այդ թվում Վենեսուելայի շուրջ զարգացումների ֆոնին: