ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում Մոսկվայի այն հայտարարություններին, թե Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը դեկտեմբերի վերջին փորձել են հարձակվել Նովգորոդի մարզում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա: Այդ մասին ԱՄՆ առաջնորդը հայտարարել է Air Force One ինքնաթիռում լրատվամիջոցների հետ զրույցի ժամանակ, հայտնում է BBC-ն:
«Ես չեմ հավատում, որ այդ հարվածը տեղի է ունեցել»,- ասել է ԱՄՆ նախագահը: «Ինչ-որ բան տեղի է ունեցել բավականին մոտ, բայց դա որևէ կապ չունի պետական նստավայրի վրա հարձակման հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով ԿՀՎ-ին, հայտնել էին, որ Ուկրաինան չի փորձել հարձակվել ո՛չ անձամբ Պուտինի, ո՛չ էլ նրա նստավայրի վրա։
Իսկ ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ԱՄՆ դեսպանատանն է փոխանցել իրեր և տվյալներ, որոնք, ըստ Մոսկվայի, վկայում են դեկտեմբերի 29-ի գիշերը Պուտինի նստավայրի վրա հարձակման փորձի մասին։