ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական խոսք է հղել Մաքսային ծառայողի օրվա առթիվ:
«Հարգելի՛ մաքսային ծառայողներ,
Շնորհավորում եմ ձեզ Մաքսային ծառայողի օրվա կապակցությամբ՝ ընդգծելով ձեր կարևոր դերակատարումը պետական կառավարման համակարգում և մեր երկրի զարգացման գործընթացում։
Մաքսային ծառայությունը պետության տնտեսական համակարգի առանցքային հենասյուներից է։
Ձեր ամենօրյա պատասխանատու գործունեության շնորհիվ ապահովվում են տնտեսական անվտանգությունը, արտաքին աշխարհի հետ անխափան կապը և արտաքին առևտրի բնականոն հոսքը, պետության և գործարարների շահերի պաշտպանությունը։
Հարգելի՛ մաքսային ծառայողներ, դուք կարևոր դեր ունեք Հայաստանի տնտեսության մրցունակության և արդար մրցակցային միջավայրի ձևավորման, ինչպես նաև միջազգային տնտեսական համագործակցության խորացման գործում։
Ծառայության արդյունավետության գլխավոր չափանիշը քաղաքացիների և տնտեսվարողների վստահությունն ու գոհունակությունն է, որի ուղղությամբ մեծ առաջընթաց ենք գրանցել: Այդ վստահության ամրապնդումը պահանջում է շարունակական մեծ ջանքեր՝ ուղղված թվայնացմանը, գործընթացների պարզեցմանը, վերլուծական և ռիսկերի կառավարման գործիքների դերի էական մեծացմանը, սպասարկման մշակույթում մարդակենտրոնության խորացմանը։
Համակարգը հնարավոր է զարգացնել և բարեփոխել՝ հիմնվելով յուրաքանչյուր մաքսային ծառայողի ինքնակատարելագործման և մասնագիտական աճի վրա:
Մոտ ապագայում մենք նախատեսում ենք իրականացնել մի շարք անկյունաքարային բարեփոխումներ, ինչպիսիք են ցամաքային թվային նոր պլատֆորմի մշակումը, արհեստական բանականության գործիքների ներդրումը, վճարումների միասնական հաշվի ներդրումը և EXIM միասնական հարթակը, որոնք միտված են համակարգի արդյունավետության շեշտակի բարելավմանը։
Մեր նպատակն է ունենալ արդար և մարդակենտրոն, համարձակ նորարար և արհեստավարժ մաքսային ծառայություն, որը կկարողանա արագ և արդյունավետ արձագանքել քաղաքացիների և բիզնեսի պահանջներին։
Վստահ եմ, որ միասնական աշխատանքի, պատասխանատվության և նվիրումի շնորհիվ մենք կշարունակենք ամրապնդել մաքսային ծառայության դերը Հայաստանի Հանրապետության զարգացման գործում։
Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով առողջություն, կայունություն և նոր ձեռքբերումներ ձեր պատվաբեր ծառայության մեջ»,- ասված է ուղերձում։