Երբ փոքր էի, հիշում եմ՝ տատս միշտ ասում էր՝ «ավելորդ լույսերն անջատեք», ինչը նշանակում էր, որ եթե կարիքը չկա, անջատեք սենյակների «լյուստռաները», հեռուստացույցը, էլեկտրական այլ սարքերը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Ինչո՞ւ սա հիշեցի:
Երբ սաստիկ ցրտեր են հաստատվում, իսկ առաջիկա օրերին այդպես է լինելու, ավելանում է էլեկտրաէներգիայի սպառումը, հետևաբար ճնշումը համակարգի վրա ավելանում է:
Որպես պատասխանատու քաղաքացիներ՝ եկեք օգնենք համակարգին, անջատենք ավելորդ «լույսերը»»,- գրել է Հարությունյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ առատ ձյան հետևանքով տասնյակ բնակավայրեր հոսանքազրկված են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին ավելի ուշ տեղեկացրեց՝ էլեկտրամատակարարումը վերականգնվել է բոլոր հիմնական ուղղություններով, այդ թվում՝ ամբողջությամբ վերականգնվել է Այրում 35կՎ օդային գծի երկու մետաղական հենարանների վնասման հետևանքով հուսանքազրկված բոլոր հասցեների էլեկտրամատակարարումը:
Հիշեցնենք՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հորդորել էր այս օրերին հնարավորինս խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան, կենցաղում զերծ մնալ էլեկտրաէներգիայի սպառման սարքերի հավելյալ կիրառումից՝ դրանով լրացուցիչ չծանրաբեռնել բնակարանների սպառման սխեման: