Ուկրաինայի նախագահը պատրաստ է հանրաքվեի դնել Ռուսաստանի հետ հակամարտության ավարտի՝ 20 կետից բաղկացած ծրագիրը, եթե Մոսկվան համաձայնի հրադադարի առնվազն 60 օրով:
Axios-ի հետ հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ բանակցություններում լուրջ առաջընթաց է գրանցվել:
Այնուամենայնիվ, ծրագրով նախատեսվում է, որ Ուկրաինան արևելքում մեծ տարածքային զիջումների պետք է գնա: Զելենսկին հույս ունի ավելի լավ պայմանների հասնել տարածքների հարցում, սակայն եթե առաջընթաց չգրանցվի, ապա, ըստ նրա, հարկավոր է ուկրաինացիների հավանությունը խաղաղության պլանին:
Զելենսկու խոսքով՝ անվտանգության երաշխիքներին առնչվող փաստաթղթերը պատրաստ են. մնացել են միայն որոշ տեխնիկական հարցեր: Դրանցից մեկը համաձայնագրի տևողությունն է:
ԱՄՆ-ն առաջարկել է համաձայնագիր կնքել 15 տարով, սակայն Զելենսկու խոսքով՝ դա կարճ ժամանակահատված է:
Դեկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում նախատեսվում է Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հանդիպման նպատակն է օգտագործել բանակցողների գրանցած առաջընթացը և հնարավորինս շուտ հասնել պատերազմի ավարտի:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան