ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և հաջող գործունեություն իր պատասխանատու առաքելության ընթացքում։
Դեսպան Ալեքսանդրա Քոուլը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների զարգացման համար առկա են նպաստավոր պայմաններ, և վստահեցրել, որ կգործադրի առավելագույն ջանքեր երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսական ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել Կառավարության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականությանը և ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին։
Ոլորտային համագործակցության համատեքստում կողմերը քննարկել են Հայաստանում ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորման գործընթացում Բրիտանիայի կառավարության աջակցության կարևորությունը, ինչպես նաև մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես՝ հանրային ֆինանսների կառավարման և կարողությունների ձևավորման ոլորտներում փորձագիտական աջակցության տրամադրման վերաբերյալ:
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են օրակարգային թեմաների շուրջ շարունակական երկխոսությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու գործընկերային հարաբերությունները և ընդլայնելու համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման շրջանակը: