Տեղի ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և ընդլայնում» ծրագրի խորհրդի նիստը՝ ծրագրի առաջընթացը գնահատելու, իրականացման ընթացքում առաջացած մարտահրավերները քննարկելու և ծրագրի սահուն ավարտն ապահովող գործողությունները համաձայնեցնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Նիստին մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
Նախարարը հանդես է եկել բացման խոսքով և ներկայացրել ծրագրի արդեն արձանագրված չափելի արդյունքները։
«Այս պահի դրությամբ ծրագիրը գրանցել է շոշափելի և չափելի արդյունքներ 316 շենքերի էներգաարդյունավետ ադիականացման միջոցով՝ ապահովելով CO₂ արտանետումների տարեկան կրճատում մոտ 63000 տոննայի չափով։ Ծրագրից օգտվել է ավելի քան 400000 մարդ, որոնց կեսից ավելին կանայք և աղջիկներ են։
Շենքերին բաժին է ընկնում Հայաստանում էներգիայի վերջնական սպառման շուրջ 35%-ը, և դրանց էներգետիկ բնութագրերի բարելավման արդյունքում ապահովվում են նաև բնապահպանական օգուտները, քանի որ կլիմայի փոփոխության համամոլորակային ճգնաժամի հասցեագրմանը նպաստող ցանկացած նախաձեռնություն կարևոր նշանակություն ունի։
Ծրագրի հաջող ավարտը մեծապես կախված է պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի միջև արդյունավետ և ժամանակին համագործակցությունից»,- նշել է նախարարը։
«Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է ուժեղ և շարունակական գործընկերություններ»,— ասել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ «Այս նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանի Կառավարության միջև սերտ համագործակցությունը կլիմայական պարտավորությունները վերածում է մարդկանց առօրյա կյանքում իրական բարելավումների։ Երբ մենք մտնում ենք եզրափակիչ փուլ, թափը պահպանելը վճռորոշ կլինի երկարաժամկետ ազդեցությունը առավելագույնի հասցնելու համար»,- իր ելույթում նշել է Նաթիա Նացվլիշվիլին։ Նա ընդգծել է ուժեղ ազգային սեփականատիրության և հաստատությունների միջև համակարգման կարևորությունը՝ նշելով, որ ձեռք բերված առաջընթացը արտացոլում է արդյունավետ համագործակցություն թե՛ ազգային, թե՛ տեղական մակարդակներում։
Խորհուրդը քննարկել է նաև արդյունքների կայունացման և ծրագրից հետո շարունակականության ապահովման հարցերը՝ ընդգծելով միջգերատեսչական համագործակցության նշանակությունը։