Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, դեկտեմբերի 23-ին Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ Ալի ալ-Հադդադին Անկարայից Տրիպոլի տեղափոխող Falcon 50 մասնավոր ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց անհետացել էր ռադիոտեղորոշիչ սարքերից։
Անկարայում հայտնաբերվել են Dassault Falcon 50 կործանված ինքնաթիռի մնացորդները։ Լիբիայի վարչապետ Աբդուլհամիդ Դիբեյբեն հայտարարել է, որ Լիբիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմեդ Հադդադը և նրան ուղեկցող անձինք զոհվել են։
Մահացածների թվում էին ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆիտուրի Ղարիբիլը, գեներալ-մայոր Մահմուդ Քաթիվին, գլխավոր շտաբի պետի խորհրդական Մոհամմեդ Ասավի Դիաբը և գլխավոր շտաբի մամուլի գրասենյակի լուսանկարիչ Մոհամմեդ Օմար Ահմեդ Մահջուբը։
Ըստ Անադալուի` հետաքննություն է սկսվել ինքնաթիռի վթարի գործով։
«Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Անկարայի Էսենբողա օդանավակայանից թռիչք կատարած և Հայմանի շրջանում ուղևորներ տեղափոխող ինքնաթիռի վթարի գործով, որի մեջ էր Լիբիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մոհամմեդ Ալի ալ-Հադդադը: Դեպքի հետաքննության համար նշանակվել է չորս դատախազ՝ գլխավոր դատախազի առաջին տեղակալի գլխավորությամբ: Հետաքննությունը կատարվում է մանրակրկիտ և բոլոր հանգամանքները հաշվի առնելով»,- լրատվամիջոցներին ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը: