Պարոն Խաչատրյան (պատգամավոր Արթուր Խաչատրյան - խմբ.), երկու փաստական սխալ ասացիք այստեղից: Հուսով եմ՝ դա միտումնավոր չեք ասել, այլ պատահաբար է ստացվել: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի ելույթին:
«Նախ՝ որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին: Դրանք շատ տարբեր բաներ են, և Ղարաբաղի հարցը թոկ սարքելու ամենակարևոր գործող անձանցից մեկը եղել է ձեր ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում՝ ումից որ այսօր դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով պահանջվող հայցագինը մոտավորապես այնքան է, ինչքան որ պետությունը հիմա վարկ է վերցնում Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային խնդիրներն ապահովելու համար:
Պետությունը 250 միլիոն դոլարի վարկ է վերցնում, որ ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցերը լուծի, Ռոբերտ Քոչարյանից ապօրինի գույքով մենակ հաստատված հայցագինը կազմում է 200 միլիոն դոլար՝ Ղարաբաղից մեկ այլ, բայց ոչ բռնի տեղահանված Ռոբերտ Քոչարյանի, որը եկել է ու այստեղ դարձել դոլարային մուլտիմիլիոնատեր:
Բա մի հատ դրա մասին էլ խոսեք»,- հայտարարեց Կոնջորյանը:
Նա, դիմելով Խաչատրյանին, ընդդիմադիրներին մեղադրեց ԼՂ-ում հեղաշրջում կազմակերպելու համար:
«Որ գալիս եք և մեջբերում եք Կառավարության ծրագիրը, էդ պահն էլ ֆիքսեք, որ դուք գնացիք, էնտեղ հեղաշրջում արեցիք և հետո լուծարեցիք Ղարաբաղը: Հիմա էլ ասում եք, որ հեղաշրջում արվողը դեմ չէր դրան, այսինքն՝ դեմ չէի՞ք, որ լուծարեիք հետո: Սրա՞ մասին եք խոսում»,- ասաց ՔՊ խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է մի նախագիծ, համաձայն որի՝ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության պետական ծրագրի ֆինանսավորման համար ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավվի: Ընտանիքները ծրագրի պայմանները բավարարելու դեպքում կարող են դիմել և ստանալ հավաստագրեր՝ իրենց նախընտրած բնակավայրում գնելով նախընտրած բնակարանը կամ բնակելի տունը: