Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստին քննարկվում է «ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը: Այն պատգամավորներին ներկայացրեց ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ նշելով, որ համաձայնագիրն ուղղված է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը և բարեկեցությանը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից ՀՀ-ին տրամադրել 250 մլն դոլարի վարկ: «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» տրամադրելիք դրամաշնորհային միջոցները կազմում են 16 մլն 450 հազար դոլար, որն ուղղվել է վարկային ծրագրի համաֆինանսավորմանը:
«Ծրագիրը նպատակ ունի ֆինանսավորել Կառավարության՝ դեռևս 2024 թվականին հաստատած՝ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության պետական ծրագիրը:
Հիշեցնեմ, որ ընտանիքները պայմաններին բավարարելու դեպքում կարող են դիմել և ստանալ հավաստագրեր, ինչի արդյունքում կարող են գնել իրենց նախընտրած բնակավայրում նախընտրած բնակարանը կամ բնակելի տունը:
Այսօրվա դրությամբ 3810 ընտանիք դիմել և ստացել է բնակարանի հավաստագիր, որից 1631-ը ձեռք է բերել իր սեփական տունը կամ բնակարանը»,- ասաց նախարարի տեղակալը:
Վարկի չափը 250 մլն դոլար է, վարկային միջոցների մասհանման ժամկետ է սահմանվում մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը: Վարկը տրամադրվում է 27 տարի ժամկետով, առաջին 10 տարին արտոնյալ ժամկետ է սահմանվում: Վարկի մարումները կատարվելու են հավասարաչափ մարումներով՝ սկսած 2035 թվականից, այսինքն՝ 17 տարի ժամանակացույցով, 34 հավասարաչափ կիսամյակային վճարումներով: Վարկի տոկոսադրույքը կազմում է SOFR-ի տոկոսադրույք (ապահովագրված մեկօրյա ֆինանսավորման տոկոսադրույքը - խմբ.), որը համաձայնագրի կնքման դրությամբ կազմել է 4,04 տոկոս՝ գումարած 0,8 տոկոս մարժա, այսինքն՝ 4,84 տոկոս: Չմասհանված գումարի վրա աշխատող տոկոսադրույքը կազմում է տարեկան 0,15 տոկոս դրույքաչափ: