Ծրագիրը շատ կարևոր է ու էական: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները իսկապես խնդիրներ ունեն, որոնք համարում եմ մեզնից յուրաքանչյուրի խնդիրը: Կարևոր է, որ այն միջոցները, որ ներգրավում ենք, կարողանանք արդյունավետ օգտագործել: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ խոսելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրի ֆինանսավորման համար վարկային միջոցների ներգրավման ծրագրի մասին:
Պատգամավորը կարևորեց ներգրավվող միջոցների արդյունավետ օգտագործումը:
Նրա խոսքով՝ ամենահեշտը բնակարան կառուցել և հանձնելն է, իսկ ամենադժվարը՝ խնդիրներ դնելը և դրանք լուծելը, ըստ այդմ՝ մարզերի համաչափ զարգացման խնդիրը պետք է դրվի ծրագրի հիմքում:
«ԼՂ-ից բռնի տեղահանված մեր այն հայրենակիցները, որոնք ապրել են գյուղական բնակավայրերում և ունեն գյուղատնտեսությամբ զբաղվելու հմտություններ, պետք է բոլոր հնարավոր միջոցներով ինտեգրենք մեր քաղաքացիներին ընդհանուր միջավայրում»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ պետք է ստեղծել ենթակառուցվածքներ, հնարավորություններ, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները իսկապես ցանկանան ապրել այն վայրերում, որտեղ իրենք ապրել են:
Պատգամավորը կարևորեց ներգրավվող միջոցների ճիշտ օգտագործումը՝ շնորհակալություն հայտնելով Կառավարությանը այս ծրագիրը կյանքի կոչելու համար:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է մի նախագիծ, համաձայն որի՝ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության պետական ծրագրի ֆինանսավորման համար ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավվի: Ընտանիքները ծրագրի պայմանները բավարարելու դեպքում կարող են դիմել և ստանալ հավաստագրեր՝ իրենց նախընտրած բնակավայրում գնելով նախընտրած բնակարանը կամ բնակելի տունը: