ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովության ծրագրի շահառու կարող է դառնալ ԼՂ-ից տեղահանված ցանկացած ընտանիք, որը ձեռք կբերի քաղաքացիություն: Աջակցության չափը կազմում է 3, 4 կամ 5 մլն դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով (կախված բնակավայրից - խմբ.), այդ թվում՝ անչափահասի, և եթե ընտանիքում հիմա կծնվի երեխա, և դիմելու պահին նոր ծնված երեխա կլինի, նրանց նույնպես կհասնի այս աջակցությունը: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 16-ի նիստին ասաց ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին, թե ինչ պայմաններ են գործում ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված ծրագրով:
«Սահմանափակում բնակավայրի մասով չունենք, ունենք միայն Երևանի հետ կապված 1-ին և 2-րդ գոտիների [սահմանափակում]:
Բանկերի տոկոսադրույքը, եթե բանկը ֆինանսավորում է սեփական միջոցներից, կազմում է 13 տոկոս, ինչը նաև կապված է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ, որի փոփոխության արդյունքում կարող է նույնիսկ նվազել:
Եթե վերաֆինանսավորված միջոցներով է, ապա 11 տոկոս է կազմում, և այս վարկը իրականացվելու է վերաֆինանսավորման ճանապարհով «Ազգային հիփոթեքային ընկերության» միջոցով»,- ասաց նախարարի տեղակալը:
Վարկավորման առավելագույն շեմը 55 մլն դրամ է, այն է՝ 55 մլն դրամից ավելի ֆինանսավորում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար չի իրականացվելու:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է մի նախագիծ, համաձայն որի՝ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության պետական ծրագրի ֆինանսավորման համար ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավվի: Ընտանիքները ծրագրի պայմանները բավարարելու դեպքում կարող են դիմել և ստանալ հավաստագրեր՝ իրենց նախընտրած բնակավայրում գնելով նախընտրած բնակարանը կամ բնակելի տունը: