UNEA-7-ի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Campaign for Nature կազմակերպության ղեկավար Բրիան Օ՛Դոննելի հետ։
Քննարկել են 30 x 30 թիրախի` Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի (GBF) իրականացման և ֆինանսավորման ուղղությամբ կազմակերպության աշխատանքը՝ ներառյալ UNEA-ում ներկայացվելիք հաշվետվությունը, որը գնահատում է 30 x 30-ին ուղղված միջազգային ֆինանսավորման ներկա մակարդակը, ինչպես նաև SPACES նախաձեռնությունը, որը օգնում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին մշակել ազգային՝ բյուջետավորված ծրագրեր։
«Հայաստանը շարունակում է ընդլայնել պահպանվող տարածքների ցանցը․ մեր ազգային ռազմավարությամբ նպատակ ունենք մինչև 2030 թվականը պահպանվող տարածքների ընդգրկումը հասցնել 20%-ի (ներկայում՝ մոտ 13%)։ Միաժամանակ կարևորում ենք կառավարման արդյունավետության բարձրացումը և նոր օրենքի շուտափույթ ընդունումը, որը ներառում է նաև OECM-ները՝ այն տարածքները, որոնք չեն դասվում բնության հատուկ պահպանվող տարածքների կազմում, սակայն ճիշտ և արդար կառավարման դեպքում ապահովում են կենսաբազմազանության երկարաժամկետ պահպանումը։
Առջևում
#COP17-ն է, որտեղ 30 x 30 թիրախը պետք է լինի օրակարգի կենտրոնում, և Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ համաշխարհային նպատակի առաջմղման գործում»,- նշել է նախարարը։