Կիրակի Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ կրակողներից մեկը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակողները երկուսն են եղել, տեղեկացնում է BBC-ն։ Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողները հայր ու որդի են։ 50-ամյա տղամարդը տեղում մահացել է, իսկ նրա 24-ամյա որդուն ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Հարձակման պահին լողափում նշվել է հրեական Հանուկա տոնը։
Ականատեսները հայտնել են, որ հայտնի լողափում, որը շոգ երեկոյան մարդաշատ է եղել, հարձակումը տևել է մոտ 10 րոպե։
Հարձակումից հետո հոսպիտալացված է 40 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, որոնք գտնվում են ծանր, բայց կայուն վիճակում, զոհերը 10-87 տարեկան են։
Ոստիկանությունը հարձակումը որակել է որպես Սիդնեյի հրեական համայնքի դեմ ուղղված ահաբեկչական հարձակում։
ԵՄ-ի և առանձին եվրոպական երկրների ղեկավարները դատապարտել են Սիդնեյում հրեական համայնքի վրա հարձակումը։
«Եվրոպան կանգնած է Ավստրալիայի և ամբողջ աշխարհի հրեական համայնքների կողքին։ Մենք միասնական ենք բռնության, հակասեմիտիզմի և ատելության դեմ պայքարում»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Ավստրալիայի վարչապետն էլ հայտարարել է, որ մտադիր է խստացնել զենքի վերաբերյալ օրենքները, սահմանափակել ֆիզիկական անձանց տրամադրության տակ գտնվող զենքի միավորների քանակը, ինչպես նաև պարբերաբար վերանայել լիցենզիաները։