Ավստրալիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն արգելել է մինչև 16 տարեկան երեխաներին օգտվել սոցցանցերից: Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 10-ին, ուժի մեջ է մտել 2024 թվականի նոյեմբերին երկրի խորհրդարանի ընդունած օրենքը:
Արգելքը, որի նպատակն է պաշտպանել երիտասարդներին առցանց հետապնդումներից, ապատեղեկատվությունից և ապօրինի բովանդակությամբ նյութերից, ի թիվս այլ բաների, կվերաբերի խոշոր հարթակների մեծ մասին, ներառյալ՝ TikTok-ը, YouTube-ը, Instagram-ը, Snapchat-ը, Facebook-ը, Reddit-ը և X-ը: Այն չի տարածվում WhatsApp մեսենջերի, էլ.փոստի ծրագրերի, առցանց խաղերի և կրթական նախագծերի վրա:
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն լրագրողներին ասել է, որ օրենքը կօգնի երեխաներին ունենալ նորմալ մանկություն, ծնողներին կապահովի հոգեկան հանգստություն և կծառայի որպես օրինակ մյուս երկրների համար:
Արգելքը կատարելուց հրաժարվելու դեպքում հարթակներին սպառնում է մինչև 49,5 մլն ավստրալական դոլարի տուգանք (մոտ 33 մլն ԱՄՆ դոլար կամ գրեթե 30 մլն եվրո):
Օրենքի քննադատները պնդում են, որ այն անհամաչափ է, և դրա դեմ արդեն դատական հայց են ներկայացրել երկրի Գերագույն դատարան: Շատերը համոզված են, որ դեռահասները պարզապես կդիմեն ուրիշ ծառայությունների, որոնք վերահսկելն ավելի դժվար է։
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Մալայզիան, Դանիան և Նորվեգիան, արդեն հայտարարել են նմանատիպ արգելքներ կիրառելու մտադրության մասին: Եվրախորհրդարանը նույնպես արտահայտվել է նման սահմանափակումների օգտին: